Մենք ձայնը լսում ենք աղբյուրից բավականին մեծ հեռավորությունների վրա։ Իսկ ինչպե՞ս է տատանվող մարմնից ձայնը հասնում մեր ականջին։
Ուշադրություն
Ձայնը լսելու համար ձայնի աղբյուրի և ականջի միջև պետք է լինի որևէ հաղորդող միջավայր, անօդ տարածությամբ ձայնը չի տարածվում։
Տատանվող լարը շարժման ուղղությամբ առաջացնում է իր առջևի օդի խտացում, իսկ մյուս կողմով՝ օդի նոսրացում։
Օդի այդպիսի խտացումները և նոսրացումները արագ հաջորդում են իրար և հաղորդվում ավելի հեռու գտնվող շերտերին. օդում տարածվում է ձայնային ալիք:
Երբ այն հասնում է մեր ականջին, մենք լսում ենք աղբյուրի արձակած ձայնը։
Ձայնը լավ է հաղորդում ոչ միայն օդը, այլև ջուրը, փայտը, հողը, մետաղները և այլն։
Տարբեր նյութերում ձայնը տարածվում է տարբեր արագություններով:
Օրինակ
Օդում ձայնը տարածվում է մոտավորապես 340 մ/վ արագությամբ, ջրում՝ 1500 մ/վ:
Ձայնը շատ ավելի լավ տարածվում պինդ մարմիններում, հատկապես՝ մետաղներում: Երկաթում ձայնը տարածվում է մոտ 5000մ/վ արագությամբ:
Երկու մարդկանց խոսակցությանը չեն խանգարում նրանց միջև գտնվող ծառը կամ ցանկապատը։ Դա նշանակում է, որ ձայնը շրջանցում է ոչ մեծ չափերի արգելքները։
Սակայն ձայնը չի կարող շրջանցել զգալի չափեր ունեցող արգելքները՝ լեռը, շենքի պատը, անտառը և այլն։
Ձայնը անդրադառնում է զգալի չափեր ունեցող արգելքներից:
Երբ արգելքներից անդրադարձած ձայնը հասնում է մեր ականջին, մենք լսում ենք ձայնի արձագանքը։
Որպեսզի մեր ականջը տարբերի արձակած և անդրադարձած ձայները, անհրաժեշտ է, որ ձայնն անդրադարձնող մարմինը գտնվի բավականաչափ մեծ հեռավորության վրա: Դրա շնորհիվ է, որ սովորաբար մենք արձագանքը լսում ենք դատարկ շինություններում: