Տեսել ես արդյոք, թե ինչ վեհությամբ
Եվ ինչ լռությամբ է աշունն արտասվում…
Տեսել ես արդյոք, ինչ համեստությամբ
Եվ ինչքան հեզ ու նուրբ է արտասվում:
Որքան հեզությամբ են տերևները խենթ
Պոկվում, հեռանում հարազատ ծառից…
Եվ նոր թափ առնող ամեն քամու հետ
Վալսի խելագար պտույտներ տալիս:
Իսկ հետո անսանձ փարվում են գետնին
Եվ երկրագնդի մարմինը գրկում
Ձուլվում են երկրի խոնաված մաշկին,
Նրա անբաժան մասնիկը դառնում:
Չեն մեռնում աշնան տերևները խենթ
Անմահանում են նրանք դարերում,
Ինչպես որ աշնան թախիծն է անհետ
Մարդկությանը ողջ անսպառ պարուրում:
Հետո մերկացած ծառերի ցավից
Աշունը ոռնում է և հորդ արտասվում,
Սարսափում է իր կերտած կտավից,
Ամեն կորցրած տերևին ցավում:
Անզորությունից թրջում է նրանց
Շագանակագույն խեժի վերածում
Քսուկով այդ խենթ, քամիներն անսանձ
Երկրի մարմինն են նրբորեն մերսում:
Եվ երկրագունդը պատվում է տեղ տեղ
Աշնան խենթ թախծի սրբազան յուղով,
Որ փոքր ինչ պղծված ձմեռը ահեղ
Մեր մոլորակը չպատի դողով: