Եկեղեցին և երիտասարդները /մաս Ա./ – Գարեգին Ա. կաթողիկոս

Գարեգին Ա, Եկեղեցին և երիտասարդները

Ջ. Գուայտա – Այժմ ես կցանկանայի խոսակցություն բաց անել երիտասարդների, նրանց ակնկալությունների, Եկեղեցում նրանց տեղի մասին: Հաճա՞խ եք Դուք երիտասարդների հետ առնչվել Ձեր հովվական գործունեության ընթացքում:

Գարեգին Ա. – Այո՛, հաճախ. նույնիսկ կասեի՝ շարունակ: Ծառայությանս հենց սկզբից առիթ եմ ունեցել զբաղվելու մասնավորապես երիտասարդներով: Ավելին, դեռ նորընծա երիտասարդ վարդապետ, իմ կյանքի առաջին փայլատակումը եղավ Դպրեվանքում և Լիբանանի համալսարանում երիտասարդներին ծառայելը: Արդարև, 1963-ին ես հիմնադրեցի Հայ Համալսարանականների Ընկերակցությունը, որի մեջ մտան Լիբանանի զանազան համալսարանների ուսանողներ և ուսանողուհիներ, և որը գոյություն ունի ցայսօր: Այդ տասնամյակներին Ընկերակցությունը պատրաստեց հայտնի հայ հասարակական գործիչներ, որոնք այժմ ապրում են աշխարհի տարբեր կողմերում: Հաճախ, երբ նրանց հանդիպում եմ, նրանք ինձ ասում են, որ համալսարանական երիտասարդության հետ համատեղ իրենց անցկացրած ժամանակն է կանխորոշել սփյուռքի երկրների եկեղեցական ու հանրային կյանքում իրենց ներգրավվածությունը:

Այժմ մենք Հայաստանում մեր Եկեղեցու կյանքի համար հույժ խոստումնալից հովվական աշխատանք ենք կատարում երիտասարդության շարքերում. Երիտասարդները կազմավորել են քրիստոնեական ընկերակցություն, որը գործում է նաև Երևանի պետական համալսարանում: Նրանք ունեն իրենց խոստովանահայրը և համագործակցում են վերջերս հիմնադրված Աստվածաբանության ֆակուլտետի հետ:

Ջ. Գուայտա – Դուք ինչպիսի՞ն եք տեսնում երիտասարդությունը:

Գարեգին Ա. Երիտասարդությունը դասակարգ չէ և այն մինչև իսկ չպետք է համարել մարդկանց մի խավ, որը որոշակի համամասնությամբ մասնակցում է հանրային կամ եկեղեցական կյանքի այլևայլ ոլորտներին: Երիտասարդները նրանք են, ովքեր դրսևորում են կենսունակություն, գործելու հակում: Կարճ ասած, երիտասարդությունն ինձ համար տարիքով չի որոշվում, այլ իր ոգեկանությամբ, կյանքի որակով: Գործելու ունակությունը, խանդավառությունը, թափը, պոռթկումը, եռանդը և պատրաստակամությունն այն հատկանիշներն են, որոնցով նա մեծ կարևորություն ներկայացնող ուժ է հանդիսանում Եկեղեցու համար: Ուսումնառությանս ժամանակ Կոռնելի մի արտահայտությունը ուշադրությունս էր գրավել. «Ճիշտ է, ես երիտասարդ եմ, բայց ազնիվ հոգիներին հասուն տարիքը չէ, որ արժեքավորում է»: Ես դա անգիր եմ արել… Երիտասարդությունը ներգրավվածություն է նշանակում, և Հիսուսը մարդկության պատմության մեջ ներգրավված Աստված է:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Posted on January 12, 2014, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց. Bookmark the permalink. 1 Comment.

Leave a comment