Ինչի՞ մասին էր 1996 թ. Հռոմի հռչակագիրը։ Դրա արձագանքը Հայ եկեղեցում

Սկիզբը՝ այստեղ

10314516_284592465040833_4959981769539192321_n

Ջ. Գուայտա – Ձեր համատեղ հռչակագիրն ասում է, որ դուք հավաստում եք ձեր Եկեղեցիների կողմից իրականացված մեծ քայլը «Քրիստոսի՝ մարմնացած Աստծու Խոսքի մեջ միության համատեղ որոնման ճանապարհին։ Կատարյալ Աստված՝ իր աստվածության մեջ, կատարյալ մարդ՝ իր մարդության մեջ. նրա աստվածությունը միավորված է նրա մարդությանը Աստծու Միածին Որդու անձի մեջ այնպիսի միությամբ, որը իրական է, կատարյալ, անշփոթ, անայլայլելի, անտրոհելի, անբաժանելի»։ Վերջին բառերը քաղված են Քաղկեդոնի ժողովի բանաձևից… Ձեր կարծիքը չի՞ փոխվել։

Գարեգին Ա. –  Ո՛չ։ Այդ բառերը մեր հայրերի կողմից օգտագործվել են աստվածաբանական շատ աշխատություններում, քանի որ մենք միշտ էլ ասել ենք, որ հանձին մարմնացած Խոսքի՝ չկա բնությունների միախառնում։ Իրապես, տվյալ բառերը հիշատակվում են նաև Քաղկեդոնի ժողովի բանաձևում, բայց դրանք արտահայտում են այն, ինչին Եկեղեցին արդեն հավատացել էր մինչև այդ ժողովը։ Դրան հակառակ, Քաղկեդոնն ունի այլ դրույթներ, որոնք, իբրև հավատքի կարգեր, ընդունվել են, բայց մենք չենք ընդունում դրանք, մասնավորապես Փլավիոսին ուղղված Տոմարը, որտեղ Լևոն Պապը երկու բնությունները ներկայացնում է այնպես, որպես թե նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ գործողությունները։ Բայց Ձեր կողմից հիշատակված բանաձևը տեղ է գտել նաև արևելյան բոլոր Եկեղեցիների Հայրերի դավանաբանական ձևակերպումների մեջ։ Այս պատճառով, այն, ինչ մենք Պապի հետ միասին արտահայտել ենք, իրականում ոչ մի նորություն չի պարունակում. աստվածաբաններս ընդունում ենք, որ, տարբեր ձևակերպումներով հանդերձ, ունեցել ենք միևնույն քրիստոսաբանությունը։

Ջ. Գուայտա – Այդ հռչակագիրն ինչպե՞ս է ընդունվել ձեր Եկեղեցում։

Գարեգին Ա. – Հիմնականում՝ դրականորեն։ Եղել են քննադատական դիտողություններ, բայց ոչ այնքան փաստարկված։ Օրինակ՝ ամենանշանակալից քննադատությունն այն էր, թե երկու բնությունների մասին խոսելիս պետք է ընդգծեինք, որ դրանք միավորված են ոչ թե «Միածին Որդու անձի», այլ, ավելի շուտ, «Քրիստոսի անձի» մեջ։ Քանի որ Քրիստոսը Աստծու Միածին Որդին է, տվյալ դիտողությունը մեծ նշանակություն չունի։ Այս կարգի քննադատությունը լուրջ արձագանք չունեցավ։

Ջ. Գուայտա – Ես կցանկանայի այստեղ մեկ անգամ ևս հարց տալ սովորական մարդու տեսանկյունից: Հասկանում  եմ, որ քրիստոնեության առաջին դարերին շատ կարևոր է եղել արտահայտել և պաշտպանել մեր հավատքի բովանդակությունն առ Սուրբ Երրորդությունը, առ Քրիստոսը և այլն: Բայց այսօր նշանակալից թվով մեր ժամանակակիցների, ըստ որում՝ բոլոր Եկեղեցիների հավատացյալների համար աստվածաբանների նման վեճերը կարծես թե մշուշապատ են և ոչ այնքան անհրաժեշտ… Սովորական մարդը հաճախ այնպիսի տպավորություն է ունենում, թե Եկեղեցիները մոլորվում են անկարևոր վիճաբանությունների մեջ՝ փոխանակ ամբողջովին նվիրվելու քարոզությանը, որպեսզի Քրիստոսի պատգամը հասցնեն մարդկանց սրտերին…

Գարեգին Ա. – Ես շատ լավ եմ հասկանում այդ կացությունը և պետք է խոստովանեմ, որ համակրում եմ այդ մարդկանց, որոնք իմաստ չեն տեսնում աստվածաբանական այդպիսի նուրբ բանաձևումներին վերաբերող դատողություններում… Այսօր կարևորը կենդանի հավատքն է, այլ ոչ թե նրա այս կամ այն կերպը: Մարդիկ մեզանից՝ Եկեղեցիների առաջնորդներից, ակնկալում են միասնություն՝ նույն Տիրոջը ծառայելու համար:

Բայց հենց նրա համար, որպեսզի ուղի հարթվի դեպի այդ միասնությունը, անհրաժեշտ են աստվածաբանական ուսումնասիրությունները: Ինչ վերաբերում է քրիստոսաբանությանը, մենք նկատում ենք, որ, չնայած մեր բանաձևումների տարբերություններին, մեր հավատքն առ Քրիստոսի անձը, որպես Աստծու Մարմնացյալ Միածին Որդի, որ իրն է դարձրել մեր մարդությունը, նույնն է: Եվ ամենակարևորը. Քրիստոսի հանդեպ այդ հավատքն է մեր քարոզի ուժը: Բայց երկու Եկեղեցիների միջև այլ տարբերություններ կան, որոնք կապ չունեն քրիստոսաբանության հետ: Հռոմի Եկեղեցու հետ մեր փոխհարաբերությունների գլխավոր հարցը Եկեղեցում իշխանության հարցն է, ինչպես նաև Կաթոլիկ Եկեղեցու դավանաբանական այլ ձևակերպումների գոյությունր, որոնք քննարկման ենթակա են: Մենք միասին պետք է լավ ուսումնասիրենք այդ տարբերությունները, որպեսզի հասնենք վավերական միության:

Ջ. Գուայտա –  Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները արևելյան մյուս Եկեղեցիների հետ: Քաղկեդոնական Ուղղափառ Եկեղիները ինչպե՞ս են նայում Հայ Եկեղեցուն:

Գարեգին Ա. – Քրիստոսաբանական հարցի քննարկման նպատակով ուղղափառ Եկեղեցիների երկու ընտանիքները, այսինքն՝ բյուզանդական ավանդության պատկանող քաղկեդոնական Եկեղեցիները և ոչ քաղկեդոնականները, անցկացրել են աստվածաբանական ոչ պաշտոնական և կիսապաշտոնական շատ խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեծ առաջընթաց է նկատվել փոխըմբռնման տեսակետից: Այժմ աստվածաբանական այդ խորհրդակցությունների արդյունքները պաշտոնապես պետք է ուսումնասիրվեն ուղղափառ Եկեղեցիների պետերի կողմից:

Բացի քրիստոսաբանական հարցից, որը կարծես թե լավ է լուսաբանվել, կան պատմական կարգի այլ հարցեր, որոնք լուծում են պահանջում: Օրինակ, եթե մեր Եկեղեցիների միության վերահաստատման պայմանը երրորդից հետո մյուս բոլոր ժողովների որոշումների ընդունումն է, ապա դժվարին կացության մեջ ենք: Բայց, ընդհանուր առմամբ, կասեի, որ մեր Եկեղեցիները գտնվում են դեպի փոխըմբռնում տանող ուղու վրա: Մեր ավանդություններում առկա ծիսական տարբերությունները արգելք չեն միությանը:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Posted on March 15, 2013, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a comment